Egypt Air ավիաընկերության Airbus A320 օդանավի հրամանատար Ամր Համալը պատմել է օդանավի առեւանգման մանրամասները: Նրա խոսքով, օդանավի գրավման մասին հայտնի է դարձել այն գրությունից, որը օդաչուներին էր փոխանցել ուղեւորներից մեկը, հայտնում է ՏԱՍՍ-ը

Օդահեն Սեհֆ աս Դին Մուսթաֆան չէր կարողանում կողմնորոշվել, թե որ երկիր է ուզում ուղեւորվել՝ նա պահանջում էր թռչել Հունաստան, Թուրքիա կամ Կիպրոս: «Վառելիքը կբավականացներ միայն մինչեւ Կիպրոս,եւ ես նրան ասացի այդ մասին»,- պատմել է Համալը: Այլ պահանջներ, հրամանատարի խոսքով, եգիպտացին չի հայտնել:

Օդաչուի խոսքով ինքը մոնիտորով տեսել էր, որ օդահենի գոտկատեղին պայթուցիկի նման մի բան է ամրացված: Ավելի ուշ պարզվել է, որ այդ սարքը կեղծ էր, այն եգիպտացին հենց թռիչքի ժամանակ էր այն պատրաստել:

Երկրորդ օդաչուն էլ իր հերթին նկատել է, որ անձնակազմի անդամները ձգտում էին հանցագործի հետ իրենց «հնարավորինս զգույշ պահել»՝ փորձել են հանգստացնել նրան, առաջարկել են թեյ կամ սուրճ: Իսկ Սեյֆ ադ Դին Մուսթաֆան ուշադիր հետեւում էր լրատվամիջոցներում իր մասին հրապարակումներին:

EgyptAir ընկերության Airbus A320 օդանավը, որը Ալեքսանդրիայից Կահիրե էր թռչում, առեւանգվել է մարտի 29-ի առավոտյան: Հանցագործի պահանջով անձնակազմը փոխել է օդանավի ուղղությունը ու վայրէջք կատարել Լառնակայի օդանավակայանում: Օդանավում 81 մարդ կար, մեծ մասը եգիպտացիներ: Կային նաեւ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իռլանդիայի ու Նիդեռլանդների քաղաքացիներ:

Բանակցություններից հետո տղամարդը հանձնվել է իշխանություններին: Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլի խոսքով, հանցագործի դրդապատճառները դեռ անհասկանալի են: