Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն պատրաստակամություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտնել է ճապոնական «Սանկեյ» թերթին տված հարցազրույցում: Մուգաբեն հիմա պաշտոնական այցով Տոկիոյում է:
«Կողմնակիցները առաջադրում են իմ թեկնածությունը»,- ասել է 92-ամյա նախագահը: «Ես առույգ եմ: Եթե ժողովուրդը ցանկանա, ես կշարունակեմ կատարել իմ պարտականությունները»,- ասել է նա:
Նախագահը հերքել է ընդդիմությանը ճնշելու ու երկիրը միանձնյա կառավարելու վերաբերյալ Արեւմուտքի մեղադրանքները՝ դրանք անվանելով «վիրավորական Զիմբաբվեի ժողովրդի համար»:
2014-ին Զիմբաբվեի նախագահի կինը՝ Գրեյս Մուգաբեն, հայտնել էր, որ մտադիր է ամուսնու համար հատուկ հաշմանդամական սայլակ գնել, որպեսզի նա շարունակի երկիրը կառավարել: Նա հայտարարել էր, որ կաջակցի ամուսնու պաշտոնավարմանը քանի դեռ նա խոսելու ուժ ունի: Ընդդիմությունն էլ իր հերթին Գրեյս Մուգաբեին մեղադրել է իշխանությունն ուզուրպացնելու մեջ:
2015-ի փետրվարին Մուգաբեն ընկել էր տրիբունայի աստիճանին, երբ ելույթ էր ունենում իր կողմնակիցների համար: Լրատվամիջոցներում հայտնել էին, որ այդ միջադեպից հետո աշխատանքից հեռացվել են նրա 30 թիկնապահները, որոնք չէին կարողացել կանխել նախագահի ընկնելը:
Մուգաբեն 2013-ին հաղթել էր նախագահական ընտրություններում ու իշխող կուսակցությունը արդեն նրան իր թեկնածուն է ընտրել գալիք ընտրությունների համար, որոնք պետք է կայանան 2018-ին: Բացի դրանից Զիմբաբվեի նախագահը Աֆրիկյան միության նախագահն է, որը 54 երկրների է միավորում: Նա ղեկավարում է երկիրը 1980-ից,Զիմբաբվեի անկախացումից հետո:




























