Պաշտոնական Ստեփանակերտը երախտապարտ է ԱՄՆ Հավայի նահանգին` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Երբ Ջորջիա նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը, մենք ասացինք, որ տարբեր զարգացումներ են սպասվում: Հավայի նահանգի ճանաչումը հաղթարշավի մի մասն է, մենք կարեւորում ենք սա: Այս նահանգի յուրահատկությունն այն է, որ ժամանակին եղել է թագավորություն, այսօր արդեն ԱՄՆ-ի մի մասն է կազմում: Շատ կարեւոր է, որ երկրագնդի այս մասում էլ կա կարեւոր մի կազմավորում, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, սա հաղթարշավի ընթացքն է, որն անխուսափելի է:
Նշենք, որ Հավայի նահանգը ԼՂՀ անկախությունը ճանաչել է մարտի 29-ին` համալրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) անկախությունը ճանաչող եւ աջակցող Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Լուիզիանա, Մեյն, Կալիֆորնիա եւ Ջորջիա նահանգների շարքը:




























