Մյանմարում կայացել է երկրի նոր նախագահ Թհին Չժոյի երդմնակալության արարողությունը։ Նա վերջին 50 տարում Մյանմարի առաջին քաղաքացիական ղեկավարն է։ Երդմնակալության արարողությունը կայացել է մայրաքաղաք Նեյպյիդոյում, հայտնում է BBC-ն։
Երդմնակալության արարողությունը իշխանությունը Ժողովրդավարության ազգային լիգային փոխանցելու ճանապարհին եզրափակիչ փուլն էր։ Չժոն համարվում է ընդդիմության առաջնորդ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սու Չժիի մերձավորներից մեկը։
Ենթադրվում է, որ երկիրը փաստացի նրա միջոցով կկառավարի Աուն Սու Չժին, որին այդ պաշտոնը զբաղեցնել թույլ չի տալիս Սահմանադրությունը։ Սահմանափակումները պայմանավորված են այն հանգամանքով, որ Աուն Սու Չժին բրիտանացի է, իսկ նրա երեխաները այլ երկրների քաղաքացիներ են։





























