«Բրազիլիայի ժողովրդավարական շարժում» կուսակցությունը հայտնել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։ Երկրի խոշորագույն կուսակցությունը, որը նախագահ Դիլմա Ռուսեֆի «Աշխատավորների կուսակցության» հետ ղեկավարում էր երկիրը, որոշել է, որ կուսակցությունը ոչ միայն դուրս է գալիս կոալիցիայից, այլ նաեւ անդամ 6 նախարարներից պահանջելու է լքել կառավարությունը։ Մերժումը կդիտարկվի որպես կուսակցական էթիկայի խախտում, հայտնում է BBC-ն։

Այս որոշումը մեծացնում է ընդդիմության շանսերը՝ հաջողության հասնել նախագահին հայտնած իմպիչմենտի գործում։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ռուսեֆն այդ պատճառով արդեն ստիպված է եղել չեղարկել դեպի ԱՄՆ պլանավորված այցը։

Ռուսեֆին իմպիչմենտ հայտնելու գործընթացը մեկնարկել էր մարտի 17-ին։ Դրա համար խորհրդարանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը կուսումնասիրի նախագահին ներկայացված մեղադրանքները։

Ռուսեֆի ընդդիմադիրները պնդում են, որ նա տեղյակ է եղել կոռուպցիոն սխեմաների մասին, որոնք օգտագործվել են Բրազիլիայի խոշորագույն  նավթային ընկերությունից՝ Petrobras-ից գումարներ հանելու համար։ Նրան նաեւ կասկածում են այդ գործի հետաքննության վրա ազդելու փորձերի մեջ։

Ռուսեֆին իմպիչմենտ հայտնելու գործընթացի մեկնարկի ֆոնին Բրազիլիայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են սկսվել, որոնց մասնակցում են ինչպես նախագահի համախոհները, այնպես էլ ընդդիմադիրները։