Պակիստանի Լահոր քաղաքում մարտի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունը ավելի մեծ վայրագություն է, քան վերջին ամիսների արյունահեղությունները։ Բանն այն է, որ 72 զոհերի մեջ կա 3 տասնյակ երեխա։ Ընդ որում, նրանց դիտավորյալ են որպես թիրախ ընտրել։ Ինչ էլ լինի, այդ սպանդը մեզ մոտ այնպիսի մտահոգություն չառաջացրեց եւ լրատվամիջոցների կենտրոնում չհայտնվեց այնպես, ինչպես Եվրոպայի վերջին ահաբեկչությունները։ Թվում է, թե մեծ հեռավորությունը ազդում է կարեկցանքի վրա։ Ամեն դեպքում, այդ ամենը վկայում է արեւմտյան աշխարհում իշխող տրամադրությունների մասին, գրում է Le Figaro-ն։

Արյունալի սպանդի պատասխանատվությունը ստանձնեց պակիստանական իսլամիստական շարժումը. «Մենք Լահորում ահաբեկչություն ենք կազմակերպել, քանի որ մեր նպատակը քրիստոնյաներն էին»։

Մենք այդ վայրագությունների հակաքրիստոնեական բնույթի հերքման ականատես ենք դառնում։ Պաշտոնական հայտարարությունները դրա վառ ապացույցն են։ Այսպես՝ Ֆրանսիայի իշխանությունները զարմանալի սառնությամբ համերաշխություն հայտնեցին Պակիստանին այդ ծանր պահին։ Դեւիդ Քեմերոնը հայտարարեց, որ «ապշած» է Լահորի սարսափելի ահաբեկչություններից։ Սպիտակ տունը դատապարտեց սարսափելի ահաբեկչությունները։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը խոսում էր զզվելի ահաբեկչություններից։ Եվ ոչ մի տեղ պաշտոնապես հայտարարություն չի հնչում այն պարզ ճշմարտության մասին, որ արմատական իսլամիստները Զատկին սպանել են քրիստոնյաներին։

Հերքումը, որ վերջին ողբերգության հիմքում ցեղասպանություն է ընկած (փոքրամասնություն ոչնչացնելու ձգտում), կարելի է բացատրել աշխարհաքաղաքական պատկերացումներով եւ Արեւմուտքի ու մուսուլմանական աշխարհի միջեւ լարվածություն առաջ չբերելու ցանկությամբ։

Այն, որ քրիստոնյաները կարող են զոհ դառնալ հենց որպես քրիստոնյաներ, անհավանական մի բան է թվում իշխող մտածելակերպի կողմնակիցների, այդ թվում՝ Եվրոպայի համար, որն ամաչում է ինքն իրենից։ Բարոյական հեղինակությունների եւ իրավապաշտպանների լռությունն ուղղակի խլացուցիչ է։

Գաղափարախոսական կուրության մեջ ընկղմված քաղաքական ղեկավարությունը վախենում է կարեկցանք ցուցաբերել քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ կամ որեւէ կերպ համերաշխություն հայտնել։ Դա կարող է անդառնալի հետեւանքներ ունել անձնական վարկանիշի եւ դիրքորոշման տեսակետից։