Շվեյցարիան փոքր ավանդ չի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների գործում հատկապես 2014-ին ԵԱՀԿ նախագահության շրջանակներում։ Այս մասին մարտի 30-ին՝ «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով կոնֆերանսի ժամանակ, ասել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լույաս Գասերը

Դիվանագետը հիշեցրել է, որ 2014-ին Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրքհալթերն այցելել էր Հարավային Կովկաս, այդ թվում՝ Հայաստան եւ Ադրբեջան, խոսել խաղաղ բանակցությունների ակտիվացման անհրաժեշտությունից։ Նրա գործունեությունը նպաստել է այդ տարվա ընթացքում երկու երկրների նախագահների հանդիպմանը Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում եւ Փարիզում։ Բացի այդ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Գյունթեր Բեխլերը 2014-ին նշանակվել էր Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ եւ 2015-ին վերանշանակվել հաջորդ նախագահի՝ Սերբիայի կողմից։