Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրել է սիրիական Մարեաա եւ Ազազ բնակավայրերում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման համար ահաբեկիչների հավաքագրելու մեջ: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված՝ Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի միջեւ հրադադարի հարցերի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հաղորդագրությունում նշվում է, որ Հալեպ նահանգի բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ թուրքական զինված ուժերի սպաները Մարեաա եւ Ազազ բնակավայրերում զինյալների են հավաքագրում:

Բացի այդ, «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել Հալեպում: Աշրաֆիա շրջանից մեկ օրվա ընթացքում երեք անգամ ականանետերից հարվածներ են հասցվել Շեյխ Մաքսուդ թաղամասի ուղղությամբ: Քրդական ինքնապաշտպանական ջոկատները պատասխան կրակ են բացել:

Այս փաստերի առիթով հեռախոսային խորհրդակցություն է կայացել Ամմանում տեղակայված Ամերիկյան համակարգող կենտրոնի ղեկավարի հետ: