EgyptAir ավիաընկերության՝ Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող օդանավն առեւանգողը՝ Եգիպտոսի 59-ամյա քաղաքացի Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան, պահանջել է վայրէջք կատարել Եվրոպայի օդանավակայաններից մեկում, հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել օդանավը: Այս մասին Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում պատմել է առեւանգված օդանավի հրամանատար Օմար ալ-Գամալը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, օդանավի անձնակազմին եւ ուղեւորներին սպառնալով մահապարտի գոտիով՝ նա պահանջել է վայրէջք կատարել Լարնակայի օդանավակայանում: Վայրէջքից հետո նա ազատ է արձակել եգիպտոսցի կանանց ու երեխաներին, այնուհետեւ՝ նաեւ մյուս ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին: Դրանից հետո տղամարդը հանձնվել է: Նրա մոտ պայթուցիկ չի հայտնաբերվել:
Օդանավի հրամանատարը պատմել է նաեւ անձնակազմի հետ առեւանգողի բանակցությունների մասին: «Նա հաճույքով շփվում էր մեզ հետ, նույնիսկ ուղեկցորդուհիները սկսեցին նրան խմիչք բերել եւ լուսանկարվել նրա հետ»,- պատմել է օդաչուն:
Ոստիկանությանը հանձնվելուց հետո Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան հայտարարել է, որ իր գործողությունները թելադրված էին ընտանիքին տեսնելու անհրաժեշտությամբ. Կիպրոսում բնակվող ընտանիքի անդամներին նա երկար տարիներ չի տեսել:




























