ՀԱԿ-ը մտադիր է Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին մասնակցել մոտ 3 շաբաթ. հաջողության չհասնելու դեպքում իրենք ճնշման այլ մեխանիզմներ կօգտագործվեն: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Կարեւորն արդյունքներն են, կազմն ինձ չի էլ հուզում: Մեզ համար կա սկզբունքային խնդիր. հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որի միջոցով կբարձրանա մեր վստահությունը, որ կեղծիքները կհասցվեն նվազագույնի: Կհասնենք, կասենք՝ հաջողության ենք հասել, հակառակ դեպքում կխոստովանենք, որ չենք հասել հաջողության»,- ասաց Արամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը մտավախություն հայտնեց, որ իշխանությունները հնարավոր է ժամանակ սպանեն. «Մենք առավելագույնը երեք շաբաթ կմասնակցենք քննարկումներին: Եթե հաջողության չհասնենք, ճնշման այլ մեխանիզմներ կբանեցնենք»:
Թե որոնք են ճնշման այլ մեխանիզմները, Արամ Մանուկյանը նշեց, որ չի բացառվում, որ հանրահավաքներ անցկացնեն: Միեւնույն ժամանակ, ՀԱԿ խմբակցության քարտուղարը հույս հայտնեց, որ գործը դրան չի հասնի:
«Մենք չենք ուզում ՀՀԿ-ին անկյուն սեղմել ու ասել՝ պետք են էս բաները: Մենք ուզում ենք համոզել, «Հանրապետականին» փաստարկված բերել կոմպրոմիսի»,- հավելեց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի կարծիքով, սակայն, ճնշման այլ մեխանիզմների մասին խոսելը շանտաժ է:
«Նոր ձեռագիր չէ, բոլոր ընդդիմությունները փորձել են օգտագործել: Սա պարզ կոչվում է շանտաժ, սա բանակցային գործընթացի հետ որեւէ կապ չունի»:
Նշենք, որ մարտի 30-ից իշխանությունը, ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը 4+4+4 ձեւաչափով սկսել է քննարկումները: Թեեւ ի սկզբանե որոշվել էր 4-ական ներկայացուցիչ, իշխանությունը ներկայացել էր 6 հոգով, իսկ ընդդիմությունն էլ 3-ով. «Ժառանգությունը» վերջին պահին հրաժարվել է քննարկումներին մասնակցելուց:





























