Վաշինգթոնում մարտի 31-ին միջուկային գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին կոչ է արել կատարել միջին եւ կարճ հեռահարության հրթիռների մասին պայմանագրի պայմանները։ Այս մասին Օբաման գրել է The Washington Post-ում հրապարակած հոդվածում։

«Ինչպե՞ս մենք կարող ենք իրականություն դարձնել աշխարհի մեր պատկերը առանց միջուկային զենքի» վերտառությամբ լույս տեսած հոդվածում Օբաման գրել է, որ Ռուսաստանը խախտում է Միջին եւ կարճ հեռահարության հրթիռների մասին պայմանագրի պայմանները։ Այդ փաստը հաշվի առնելով՝ Վաշինգթոնը շարունակում է Մոսկվային կոչ անել կատարել իր պարտականությունները։

Մասնավորապես Օբաման ընդգծել է  միջուկային զինանոցի կրճատման անհրաժեշտությունը եւ այդ հարցում ռուս-ամերիկյան երկկողմ բանակցությունների կարեւորությունը։ Ընդ որում, Օբաման նշել է, որ Մոսկվան եւ Վաշինգթոնը շարունակում են կատարել ռազմավարական հարձակվողական սպառազինությունների սահմանափակման եւ կրճատման միջոցների մասին պայմանագրի իրենց պարտականությունները։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ 2018-ին ամերիկյան եւ ռուսական միջուկային մարտագլխիկների քանակը կհասնի 1950-ական թթ.-ից հետո ամենացածր մակարդակին։

Նշենք, որ միջուկային անվտանգության գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ մայրաքաղաքում մարտի 31-ից ապրիլի 1-ը։