Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է Անկարայի հետ բանակցություններում բարձրացնել Թուրքիայի կողմից փախստականների գնդակահարության թեման: Այդ մասին հինգշաբթի Բրյուսելում մամուլի ասուլիսին հայտնել է ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն` մեկնաբանելով ԶԼՄ-ներում ավելի վաղ հայտնված հաղորդագրություններն այդ առնչությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մամուլում հաղորդագրություններ ենք տեսել, սակայն դրանք հաստատող տեղեկություն չունենք: Եվրահանձնաժողովն այդ հարցը կբարձրացնի Թուրքիայի իշպանությունների հետ իր շփումների ընթացքում», - ասել է նա:
Միաժամանակ Բերտոն ընդգծել է, որ «Թուրքիայի միգրացիոն քաղաքականությունը պիտի համապատասխանի մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր ստանդարտներին»:
Լրագրողների հարցերը կապված էին The Times թերթում հայտնված հաղորդագրության հետ այն մասին, թե Թուրքիայի իշխանությունները գնդակահարում են այն փախստականներին, որոնք փորձում են Սիրիայի կողմից անցնել այդ երկրի սահմանը: «Թուրքական սահմանապահ զորքերը գնդակահարում են փախստականներին այն դեպքում, երբ նրանք փախչում են Սիրայում քաղաքացիական պատերազմից, - գրում է թերթը` վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պահպանման մոնիտորինգի սիրիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունից ստացված տվյալները, - 16 միգրանտ, ներառյալ երեք երեխա, անցած չորս ամիսների ընթացքում սպանվել է պահապանների կողմից, երբ Թուրքիա էին գալիս»:
«Կենտրոնը տեղեկություններ է հավաքել գնդակահարությունների մանրամասների մասին, որոնք սպանության են հանգեցրել. փետրվարի 6-ին մի տղամարդ եւ իր երեխան սպանվել են սիրիա-թուրքական սահմանի արեւելյան հատվածում Ռաս-էլ-Այնի (սիրիական քաղաք) մոտակայքում», - շարունակում է պարբերականը` նշելով, որ մարտի 5-ին երկու միգրանտ գնդակահարվել է սահմանի արեւմտյան թեւում:
Վկայակոչելով միգրանտների անօրինական տեղափոխողի, The Times-ը հայտնել է, որ «փախստականները դեռ անցնում են սահմանը, սակայն այժմ նրանք ցանկանում են, որ իրենց կամ սպանեն, կամ գերի վերցնեն»: Միաժամանակ թերթը հիշեցնում է, որ «թուրքական իշխանությունները պնդում են, թե հետեւում են բաց սահմանների քաղաքականությանը այն սիրիացիների համար, ում կյանքն անմիջական սպառնալիքի է տակ է»:
«Այս մահերը, փաստում է պարբերականը, դարձյալ կասկածի են առնում ԵՄ-ի 11 օր առաջ ստորագրված միգրացիոն համաձայնագիրը: Այն Թուրքիան դասակարգում է որպես «անվտանգ երրորդ երկիր», իսկ դա նշանակում է, որ փախստականները կարող են այնտեղ վերադարձվել առանց վախենալու, թե իրենց այնտեղ կհետապնդեն»:





























