Հայաստանը կսկսի ակցիզային հարկը եվրասիականի հետ ներդաշնակեցնելու գործընթացը։ Այս մասին մարտի 31-ին Կառավարության նիստում ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքի նախագիծը։
Մեկ շաբաթվա ընթացքում նախագիծը վերջնական վերամշակում կանցնի, այնուհետեւ կներկայացվի խորհրդարան։ Ըստ 2017-2021թթ. ակցիզների ներդաշնակեցման մասին ԵՏՄ համաձայնություների՝ Հայաստանը կվերանայի այդ հարկի դրույքները ծխախոտի, օղու եւ վառելիքի որոշ տեսակների համար։ «Ծխախոտի եւ ալկոհոլի համար մենք հարկը կներդաշնակեցնենք ԵՏՄ-ի հետ, քանի որ նման պարտավորություն ունենք։ Կցանկանայի նշել, որ անգամ 2021-ին մեր ակցիզները 20 տոկոսով ավելի էժան կլինեն ԵՏՄ ինդիկատիվ դրույքից»,- ասել է նա։




























