Ամերիկյան The New York Times պարբերականը «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. հանցագործությունների լուսաբանումը, որոնք չեն արձանագրվում» վերնագրով հոդված է հրապարակել:

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի թվում պարբերականն անդրադարձել է նաեւ Մարո Գուլոյանի ողբերգությանը: Հոդվածում նշվում է, որ Հայաստանի պաշտոնատար անձանց համաձայն, Մարո Գուլոյանն ինքնասպանություն է գործել՝ կախվելով սեփական խալաթի գոտուց, չնայած նրա պարանոցի հետքերը համատեղելի չեն այս վարկածի հետ: «Կնոջ ընտանիքի անդամները նշում են, որ Մարոն մշտապես բռնության է ենթարկվել ամուսնու կողմից»,- ասված է The New York Times-ի հոդվածում:

Պաշտոնական վարկածով, երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել, սակայն գործի նյութերը հակասում են այս վարկածին: Մարոն փոքրիկ դուստր ուներ, նաեւ երկրորդ երեխային էր սպասում: Կինը մահացել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում, ամուսնու տանը: Մարոյի ամուսինը՝ Գեւորգ Գուլոյանը, չէր աշխատում, ազարտային խաղեր էր խաղում եւ պարբերաբար ծեծում կնոջը: Գործի նյութերի համաձայն, Մարոն խալաթի գոտուց կախվել է լոգարանում:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության հասցնելը), սակայն 2013 թվականի ապրիլի 22-ին որոշվել է կարճել գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Վճիռը բողոքարկվել է: