Եթե Ուկրաինայում նոր կառավարություն ձեւավորվի, այդ երկիրը մեկ մլրդ դոլարի վարկային երաշխիքների երրորդ տրանշը կստանա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպման ժամանակ, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ջոզեֆ Բայդենի խոսքով, նոր կառավարության ձեւավորումը, որն ուղղված է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությանն ու բարեփոխումներին, նոր հնարավորություններ է բացում մեկ մլրդ դոլարի վարկային երաշխիքների երրորդ տրանշի տրամադրման համար»,-ասված է հաղորդագրությունում:

Բայդենը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ը որոշել է լրացուցիչ 335 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի անվտանգության սեկտորի, մասնավորապես, Զինված ուժերի, Ազգային գվարդիայի եւ պետական սահմանապահ ծառայության բարեփոխման համար:

Զրուցակիցները քննարկել են Դոնբասի իրավիճակը: Քերրին տեղեկացրել է Մոսկվայում կայացած վերջին բանակցությունների առանձնահատկությունների մասին:

Պորոշենկոն իր հերթին նշել է, որ Ուկրաինայի իշխանությունների համար առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ պայքարը եւ հակակոռուպցիոն արդյունավետ համակարգի ստեղծումը: