Մարտի 30-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է  որոշում Եվրոպայի խորհրդի անդամակցությունից հետո Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացի վերաբերյալ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե որոշման մեջ Նախարարների կոմիտեն ողջունում է Հայաստանի կողմից գրանցված կայուն առաջընթացը, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների հանձնառությունը շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի իշխանության ամրապնդմանն ուղղված հետագա բարեփոխումները:

Նշելով երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացը` Նախարարների կոմիտեն խրախուսում է Հայաստանի իշխանություններին իրականացնել ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը ներառական մոտեցումների հիման վրա՝ եվրոպական չափանիշներին համահունչ: Այս համատեքստում գոհունակությամբ նշվում է Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի իշխանությունների սերտ համագործակցությունը:

Նախարարների կոմիտեն նաեւ կոչ է անում իրականացնել մի շարք խորհրդատվություններ, մասնավորապես, իրավական բարեփոխումների մասով, ինչպես նաեւ ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենք եւ համապատասխան փոփոխություններ կատարել մարդու իրավունքների պաշտպանի օրենքում՝ ընդգծելով ԵԽ պատրաստակամությունն աջակցելու հետագա առաջընթացի հասնելուն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերին, մասնավորապես՝ 2015-2018թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում:

Այնուհետեւ Նախարարների կոմիտեն նշում է, որ հետագայում Հայաստանի պարտավորությունների կատարման առաջընթացի հարցի քննարկման շրջանակներում կդիտարկի Հայաստանի հանդեպ անդամակցությունից հետո կիրառվող մոնիտորինգային գործընթացը երկխոսության հիման հիմնված համագործակցության եւ առաջընթացի պարբերաբար գնահատման մեխանիզմով փոխարինելու հարցը:

Տեղեկանք. ԵԽ-ին Հայաստանի անդամակցությունից մինչեւ 2011թ.-ը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը իրականացվում էր այսպես կոչված ԱԳՈ-ի խմբի շրջանակներում: 2011թ.-ին ԱԳՈ-ի խումբը լուծարվեց՝ փոխարինվելով այսպես կոչված ենթախմբով: 2013թ. մայիսի 7-ին Նախարարների կոմիտեի որոշմամբ լուծարվեց նաեւ այս ենթախումբը: Այդուհետ Հայաստանի հանդեպ մոնիտորինգն իրականացվում է Նախարարների կոմիտեի մշտադիտարկման մեխանիզմների շրջանակներում:

Երկխոսության հիման վրա համագործակցության եւ առաջընթացի վերաբերյալ պարբերաբար գնահատման գործընթացը ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից իրականացվող մոնիտորինգի գործընթացի հաջորդ, պարզեցված փուլն է: