ԵՏՄ երկրների միջեւ առեւտրային արգելքների վերացումը հնարավոր է իրավասությունը վերազգային մարմնի փոխանցելու դեպքում: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:

«Տեսականորեն հնարավոր է: Դրա համար հարկավոր է իրավասությունը փոխանցել կազմակերպության, որը որոշումներ կկայացնի՝ անկախ ազգային կողմերի ցանկությունից: Կամ էլ ազգային կողմերը պետք է հստակ հետեւեն մեկ սկզբունքի. այս կամ այն որոշումը կայացնելիս հարկավոր է միշտ հիշել, որ որոշակի պայմանագրային հարաբերություններ ունես ինտեգրման կազմակերպության գործընկերների հետ»,- ասել է Կոբյակովը՝ պատասխանելով, հարցին, թե ինչ պայմաններում է հնարավոր վերջ դնել առեւտրային արգելքների առաջացմանը:

Նա, միաժամանակ, հիշեցրել է, որ բելառուսական կողմը, որպես խնդրի լուծման տարբերակ, առաջարկել է ներդնել «Դաշնակից պետության ապրանք» կամ «Եվրասիական տնտեսական միության ապրանք» հասկացությունը:

«Բոլոր արգելքները, որոնք բացառություն են նորմատիվ բազայից, առաջանում են այն պատճառով, որ կողմերից մեկը ցանկանում է միակողմանի առավելություն ստանալ, թեկուզեւ կարճաժամկետ»,- ասել է Կոբյակովը: