Կապույտ խոռոչ կոչվող տխրահռչակ ստորջրյա քարանձավում, որը գտնվում է ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում, զոհվել է 43-ամյա դայվեր Շեյն Թոմփսոնը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով AP գործակալությունը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել դայվերի հետ 50 մետր խորության վրա: Իշխանությունները ենթադրում են, որ խոսքը դժբախտ պատահարի մասին է:

Թոմփսոնը ADM հետազոտությունների հիմնադրամի 10 հոգանոց խմբի անդամ էր: Այն Կապույտ խոռոչի ուսումնասիրությամբ զբաղվում է 2013 թվականից:

Ստորջրյա քարանձավը փակվել է 1976 թվականին, երբ Օքլահոմայի համալսարանի երկու ուսանողներ զոհվել են այն ուսումնասիրելու փորձի ժամանակ: Սակայն 37 տարի անց ADM հիմնադրամին, որը զբաղվում է ստորջրյա գիտական հետազոտություններով, թույլատրել են ուսումնասիրել այդ խորհրդավոր վայրը: Թոմփսոնի մահից հետո այն կրկին փակել են: