Մեքսիկայի հարավում աղբանոցներից մեկում հայտնաբերված 17 այրված մարմինները կարող են պատկանել 2014-ին մի ցույցից հետո կորած ուսանողների:
Այդպիսի կարծիք են հայտնել Մեքսիկայից, ԱՄՆ-ից եւ Պերուից փորձագետ-քրեագետները, որոնք մասնակցում էին հետաքննությանը: Այնուամենայնիվ, սա վերջնական եզրակազություն չէ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2014-ի սեպտեմբերի 26-ին 43 ուսանող էր անհետացել երկրի հարավում գտնվող Իգուալա քաղաքից, ուր նրանք եկել էին` մասնակցելու տեղի իշխանությունների դեմ բողոքի ակցիայի:
Վարկածներից մեկի համաձայն, ոստիկանությունը ձերբակալել է նրանց, իսկ հետո հանձնել է տեղի նարկոկարտելին, որի անդամները սպանել են ուսանողներին, իսկ հետո այրել են նրանց մարմինները:





























