Հայաստանը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր պատճառները և դրանից վերջինիս սպասելիքները:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն իր խոսքում նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը:
Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությա գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսկոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայքով՝ օգտագործելով հրետանի, տանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։
































