ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 25-26-ին ներկայացնում է «Վեսթսայդյան պատմություն» ամերիկյան մյուզիքլը Հայաստանում: Ֆիլմը կցուցադրվի Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 25-ին ժամը 19:00-ին եւ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ին: Ֆիլմը կընթանա անգլերենով` հայերեն ենթագրերով:

Ֆիլմի դեբյուտից անցել է ուղիղ 50 տարի: 1961թ. ֆիլմն արժանացավ կինոակադեմիայի 10 պատվավոր մրցանակների (Օսկարների), այդ թվում եւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Վեսթսայդյան պատմությունը» Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ստեղծագործության ժամանակակից տարբերակն է, որը սիրո այդ հավերժական պատմությունը փոխադրում է Նյու Յորք քաղաքի ժամանակակից բազմամարդ բնակելի թաղամասեր: «Վեսթսայդյան պատմության» գեղեցիկ գործիքավորումն ու ապշեցնող պարերը վառ ու ցայտուն մարմնավորում են ախոյան հրոսակախմբերի կրքերն ու երկու սիրահարներին, որ հայտնվել են էթնիկ թշնամանքի փոխհրաձգության դաշտում:

«Վեսթսայդյան պատմության» ցուցադրման հովանավորը Ամերիկյան դեսպանությունն է «Արտ-ֆիլմի» հետ համատեղ: «Արտ-ֆիլմը» մասնավոր ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է հայկական կինեմատոգրաֆիայի վերածննդին եւ դասական ֆիլմերի մատուցմանը հանդիսատեսների լայն շրջանակներին: 2002թ.-ից «Արտ-ֆիլմը» օտարերկրյա եւ տեղական գործընկերների հետ միասին կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ: