Լատինական Ամերիկայի նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչները Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում ուրբաթ տեղի ունեցած հանդիպմանը ՕՊԵԿ-ի երկրներին եւ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին կոչ են արել միջոցներ ձեռք առնել համաշխարհային նավթային շուկայում իրավիճակի կայունացման ուղղությամբ, Twitter-ում հայտնել է Էկվադորի փոխնախագահ Խորխե Գլասի քարտուղարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նիստը տեղի է ունեցել ապրիլի 17-ին Դոհայում (Կատար) կայանալիք ՕՊԵԿ-ի անդամ եւ նավթ արդյունահանող այլ երկրների հանդիպման նախօրեին, որպեսզի Լատինական Ամերիկայի երկրների միասնական դիրքորոշում մշակվի նավթի արդյունահանման մակարդակի հնարավոր սառեցման կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են Էկվադորի, Կոլումբիայի, Վենեսուելայի պրոֆիլային նախարարները, ինչպես նաեւ Բոլիվիայի ածխաջրածինների փոխնախարարը: Մեքսիկան մասնակցել է դիտորդի կարգավիճակով` դեսպանի մակարդակով:
Կիտոյում հավաքված ներկայացուցիչները նավթի արդյունահանումից բացի, շուկայում իրավիճակի կայունացման նաեւ այլ հնարավորություններ են դիտարկում: «Մենք սառեցմանն այլընտրանք ենք փնտրում, այդ պատճառով էլ տեղի է ունենում այս հանդիպումը», — հանդիպման արդյունքներն է ամփոփել Կոլումբիայի էներգետիկայի նախարար Մարիա Մորենա Գուտյերեսը:
Էկվադորի էներգետիկայի նախարար Կառլոսի Պարեհայի խոսքով, Լատինական Ամերիկան պատրաստ է աջակցել ցանկացած որոշման, որը կընդունվի Կատարում: «Դա կարող է լինել սառեցումը, բայց մենք դա կորոշենք հանդիպմանը (Դոհայում)», — Պարեհային է մեջբերում Փրանս Պրեսը:
Կիտոյում հանդիպման մասնակիցները նաեւ կոչ են անում այնպիսի մեխանիզմ մշակել, որը նավ արդյունահանող երկրներին թույլ կտա որոշումներ կայացնել արտադրության մակարդակի վերաբերյալ:
Միաժամանակ փորձագետները կարծում են, որ Լատինական Ամերիկայի երկրների բանակցությունների արդյունքը հազիվ թե էական ազդեցություն ունենա այլ նավթ արդյունահանող երկրների դիրքորոշման եւ քաղաքականության վրա: «Չեմ կարծում, թե (լատինաամերիկյան) երկրների համաձայնագիրը, որը հավանաբար հանձնարարականներ կտա արդյունհանման սահմանափակման առումով, այնպիսի ազդեցիկ ուժ կունենա, որ քաղաքականություն սահմանի Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի կամ Իրանի համար, որոնք նավթային շուկայում իրավիճակ ստեղծող երկրներ են», — «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նավթային փորձագետ եւ Petroleum World էներգետիկական գործակալության տնօրեն Էլիո Օեպը:



























