Քվեարկածների ցուցակների հրապարակումը կարող է բացահայտել ընտրախախտումների, մասնավորապես ուրիշների փոխարեն քվեարկությունների որակապես այլ պատկեր: Այս մասին հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ ԸՕ նոր նախագծի շուրջ 4+4+4 ձեւաչափով ( 4-ական ներկայացուցիչ իշխանությունից, ընդդիմությունից ու քաղաքացիական սեկտորից) քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը բացահայտել է ուրիշների փոխարեն քվեարկությունների 50 դեպք 15 ընտրատեղամասերում: Իսկ եթե հրապարակվեն ցուցակները, կհաջողվի որակապես այլ տվյալներ ստանալ. հաշիվը կլինի արդեն ոչ թե տասնյակներով այլ հազարներով: Պատկերավոր ասած՝ 50 մարդու փոխարեն կլինեն 50 հազարը, հավելել է նա:

Իրավաբան «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին նշել է, որ վստահված անձինք ու դիտորդները, իրենց ամբողջ հեղինակությունով հանդերձ, չեն կարող ներկայացնել բոլորի շահերը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է փաստերն անձամբ ստուգելու հնարավորություն ունենա: Դրան կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիդ Հարությունյանը առարկել է, ասելով, որ ընտրությունների հիմնական շահառուները քաղաքական ուժերն են: Հենց նրանք պետք է անահրաժեշտության դեպքում դիմեն նման բողոքներով: