Տեղամասային ընտրական հանձնաժողովները կարող են վստահված անձանց տալ քվեարկածների ցուցակները, սակայն միայն ոչ պաշտոնական: Այս մասին ապրիլի 9-ին՝ խորհրդարանում ԸՕ նախագծի շուրջ 4+ 4+ 4 ձեւաչափով քննարկումների ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Այլ խոսքով ասած՝ ցուցակները կտրվեն սովորական թղթի վրա, առանց ստորագրության եւ կնիքի ու չեն համարվի պաշտոնական փաստաթուղթ:  Այդ ցուցակներում կնշվեն միայն ցուցակում քվեարկածների համարները: Այդ կերպ իշխանությունը չի խախտի իր դիրքորոշումը եւ պաշտոնապես չի հրապարակի ընտրացուցակները:

Իսկ այս ոչ պաշտոնական ցուցակներում կլինեն ոչ թե անուններն ու ազգանունները, այլ ընտրական ցուցակներում քվեարկածների համարները: Այդ դեպքում վստահված անձինք կարող են դրանք համեմատել ընդհանուր ցուցակներում անուն ազգանունների հետ ու ստուգել անհապատասխանությունները:

Հաշվարկի գիշերը ցուցակները չեն տրամադրվի, քանի որ առաջին օրը էլեկտրոնային սարքը կարող է աշխատել միայն պաշտոնական թղթի վրա:

Եթե դրանց միացվի տպիչ սովորական թղթով, ապա տվյալները կարող են փոխանցել այդ թղթի վրա: Իսկ եթե ընդդիմությունը պատրաստ չէ հանրապետության 2 հազար տեղամասերից յուրաքանչյուրում տպիչ տեղադրել, ապա ստիպված է սպասել հաջորդ օրվան, պարզաբանեց  Հարությունյանը: