Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ երկրի ԱԳՆ-ն արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ է մշակում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով, նախագծի հիմքում պետք է լինի միջազգային հարաբերություններում «անցումը բազմակենտրոն ճարտարապետության», որը հեռանկարում պետք է հենվի առաջատար ուժային կենտրոնների փոխգործակցության վրա՝ հանուն գլոբալ խնդիրների լուծման, հաղորդում է Lenta-ն:
«Մենք երեւի թե միանման ենք նայում այն գործընթացներին, որոնք ցույց են տալիս, որ անորոշության ժամանակաշրջանը համաշխարհային գործերում շարունակվում է»,- հայտարարել է նախարարը:
Նա հավելել է, որ անհնար է «միանգամից ինչ-որ կախարդական բանաձեւով բոլոր հարցերը լուծել, որը թույլ կտա լուծել բոլոր խնդիրները, անհնար է»:
«Առավել եւս դա ճիշտ է ներկա միջազգային իրավիճակում: Այն մնում է մոզայիկ եւ հակասական»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ միտումը ԱԳՆ-ն փորձում է ներառել հիմնարար փաստաթղթերում, ինչպիսիք են ազգային անվտանգության ռազմավարությունը եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը:




























