Հայ դիվանագետները միջազգային հասարակայնությանը ակտիվ տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին:
«Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները կապի մեջ են իրենց տեղակայության երկրների ու միջազգային կառույցների հետ՝ ներկայացնելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքները»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ուղեկցվել է Ժնեւյան կոնվենցիայի ու Միջազգային հումանիտար իրավունքի դրույթների բազմաթիվ խախտումներով: Դպրոցի հրետանակոծության հետեւանքով զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երեք երեխա վիրավորվել է:
Ադրբեջանական զինվորները գործել են ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով, իսկ որոշ տվյալներով՝ ԻՊ վարձկաններ են եղել:
Ներխուժելով Թալիշ գյուղ , ադրբեջանական զինվորականները գազանաբար սպանել են երեք տարեց բնակիչների: Վալերա Խալափյանին ու նրա կնոջը՝ Ռազմելային , նաեւ 92-ամյա Մարուսյա Խալափյանին սպանել են, կտրել նրանց ականջները:
Կան հայ զինծառայողների մարմինների անդամահատման մի շարք փաստեր: Կտրել են հայ զինվորների ու սպաների գլուխներն ու ձեռքերը, իսկ հետո լուսանկարվել այդ «ռազմավարով» ու լուսնակարները տեղադրել համացանցում:
Ղարաբաղյան կողմին հանձնված զոհվածների 18 մարմինները ենթարկվել են խոշտանգման եւ անարգանքի:




























