Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ ապրիլի 13-ին, ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին եւ շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առաձնահատկությունները, այդ թվում՝ հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները եւ զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները եւ նշել է, որ ձեռնամուխ է լինելու այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն:

Եվս մեկ անգամ կարեւորվել է միջնորդական ակտիվ ջանքերի եւ հրադադարը գրավոր պայմանավորվածությամբ ամրապնդելու, վստահության ամրապնդման մեխանիզմների ստեղծման հրամայականը` որպես հակամարտության շուրջ ձեւավորված զինված դիմակայության թուլացման նախապայման:

Նշենք, որ մի քանի օր առաջ Ռիչարդ Միլսը հրաժարվել էր պատասխանել Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին: