Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակումից տարբեր վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել յոթ վիրավոր զինծառայող։ Չորսը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում են, իսկ Արթուրը, Կիմը, Անդրեյն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։ NEWS.am-ն այսօր զրուցել է Արթուրի եւ Անդրեյի հետ։

Արթուրը Ստեփանակերտից է, 42 տարեկան, երեք մանկահասակ երեխաների հայր։ Նա զինվորական չէ, բայց հենց տեղեկացել է հակառակորդի հարձակման մասին, կամավոր մեկնել է առաջնագիծ։ Մեկ օր անց՝ ապրիլի 3-ին, վիրավորվել է, տարբեր հրազենային վնասվածքներ ստացել։ Բեկորը մտել է կրծքավանդակ, սրտին շատ մոտ է տեղակայված, բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում։ Արթուրը Եղնիկներում է ծառայել, ասաց՝ ընկերը զոհվել է։

«Մեր պապական հողն է, մեր հայրենիքը, մենք միշտ էլ պատրաստ ենք մեր հայկական հողերը պաշտպանելու։ Սաղ աշխարհին պիտի ապացուցենք, որ մեր հողերն են, ոչ թե թուրքերի։ Պատմություն կա, թող իմանան»,-ձեռքը բռունցք դարձրած ասաց Արթուրը, որին ընդհատեց մայրը՝ Անժելան․ «Ինչի պիտի վախենանք թուրքից, մենք ենք մեր սարերը, մենք մեր հայրենիքը պիտի պաշտպանենք»։

Անդրեյը 19 տարեկան է, Արմավիր քաղաքից։ Մարտակերտում է վիրավորվել։ Կոնքի հատվածում է վնասվածքը։ Միայն մի բանի մասին է մտածում՝ կարողանա քայլել ու վերադառնա դիրքեր։ Շատ տեղեկություններ չունի ընկերներից․ «Որքան գիտեմ, իմ հետ եղած անձնակազմը ողջ-առողջ է»,-ասաց նա։

«Անընդհատ միտքս էն կողմն ա, լուրերով նայում, հետեւում եմ՝ ինչ է կատարվում սահմանին։ Մի բան եմ ուզում՝ արագ կարողանամ քայլեմ ու հետ գնամ»։

Անդրեյն էլ, Արթուրն էլ հավատացնում են՝ սահմանին կանգնած զինվորի ոգին բարձր է, վտանգի դեպքում բոլորը մի բռունցք դարձած՝ նետվում են մարտի։