Հայաստանն Իսրայելին բողոքի նոտա չի հղել Ադրբեջանին վաճառած զենքի կապակցությամբ: Այս մասին ապրիլի 15-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Մենք բողոքի նոտա չենք հղել Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: Չգիտեմ, թե որտեղից է հայտնվել այդ տեղեկությունը, բայց ոչ մի նոտա չի եղել, եւ նման լուրերի տարածումն առնվազն տարօրինակ է»,- ասել է փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն մտադիր չէ նաեւ բողոքի նոտա հղել Ռուսաստանին: «Նախագահի հրապարակային ելույթը անհամեմատ ավելի մեծ արժեք ունի, քան բողոքի նոտան: Այս հարցով մենք բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ նման հարցերը նոտաներով չեն լուծվում:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եգիպտոսում եւ Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը բողոքի նոտա է հղել Իսրայելի ԱԳՆ-ին: