Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը եւ դերակատարությունը միջազգային ասպարեզում նկատելի է եւ գնահատելի: Այս մասին, Պեկինում, այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ համատեղ ջանքերով հայ-չինական բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգացում են ապրել։ Նա ընդգծեց, որ բարձր մակարդակի փոխայցելություններն իրենց կարեւոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման եւ ընդլայնման գործում։

Հանդիպմանը քննարկվեց անցյալ տարի ՀՀ նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսված բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Գոհունակությամբ արձանագրվեց, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը, համագործակցության երկար տարիների դրական փորձը արժեքավոր հիմք են հանդիսանում փոխգործակցության առավել խթանման համար:

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Ին մտքեր փոխանակեցին առեւտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիների շուրջ: Այդ առումով երկուստեք կարեւորվեց Հայաստանում արդյունաբերական եւ ենթակառուցվածքային նախագծերում չինական ընկերությունների մասնակցությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծին, Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերին։ Նախարարները քննարկեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Չինաստանի միջեւ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներն անդրադարձան Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։ Այդ համատեքստում Վան Ին ողջունեց Էդվարդ Նալբանդյանի այցի ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հայաստանի՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը:

Կարեւորվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Այս առումով Չինաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը եւ դերակատարությունը միջազգային ասպարեզում նկատելի է եւ գնահատելի։

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։