Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեք վախ ունի` իշխանության կորուստ, տարածքային կորուստ եւ քրեական պատասխանատվություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց  Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը`վերլուծելով, թե որքան սահմանին տիրող համեմատական անդորրը կպահպանվի եւ հետպատերազմյան իրավիճակը:

«Այս պահին դեռեւս տեսանելի չեն վերջնական տեղաշարժերը, որոնց հիման վրա կարող ենք որոշակի կանխատեսումներ անել: Այժմ Բաքուն վերանայումների փուլում է, այստեղ շատ բան էլ մեզնից է կախված: Բայց մի բայց ակնհայտ է`իշխանություն կորցնելը, որեւէ տարածքի կորուստը, քրեական պատասխանատվության ենթարկվելը, սրանք Ալիեւի երեք վախերն են»,-ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով` Բաքուն սկսել է վախենալ ՄԱԿ-ում պաշտոնական Երեւանի դիմումից` միջազգային եւ եվրոպական իրավունքի, պատերազմի օրենքների կոպիտ ոտնահարման կապակցությամբ:

«Եթե մենք այսպիսի քայլ անենք, դա Բաքվին զրկելու է հետագա գործողություններ կատարելու հնարավորությունից»,-ասաց վերլուծաբանը:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս տարիների ընթաքում Ադրբեջանը հարձակման երեք մոդել է գործարկել, որոնք բոլորն էլ խնդիր են ունեցել, սակայն չի հաջողել:

«Մի կողմ թողած Ադրբեջանի քարոզչությունը, Իլհամ Ալիեւը շատ լավ հասկանում է, որ այդչափ մեծ զոհերի եւ նման լայնածավալ գործողությունների ընթացքում ընդամենը մեկ բլուրի է  արժանացել շփման գծի առանց լուրջ փոփոխության: Հետեւաբար այնպես չէ, որ Ալիեւը ոգեւորված է իր հաջողություններից: Նա այժմ նախկին բոլոր փորձերից դասեր քաղելու փուլում է, եւ պետք է շատ ուշադիր լինեն` ինչ որոշումներ է անում Բաքուն»,-ասաց Սաֆարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախահարձակման դրդապատճառներին, վերլուծաբանը նշեց, որ դա շատ «կեղտոտ խաղի» արդյունք է:

«Սա բոլորի խաղն էր բոլորի դեմ, սա Ռուսաստանի խաղն էր ընդդեմ բոլորի, սա Թուրքիայի խաղն էր ընդդեմ բոլորի: Այստեղ բոլորն ունեին շատ կեղտոտ, հեռահար նպատակներ: Արտաքին դերակատարների` Ռուսաստանի եւ Թուրքիայի հետապնդած նպատակները շատ անուղղակի էին, Ադրբեջանինը`տարածքային առաջխաղացումն էր»,-ասաց վերլուծաբանը: