Լեհական TVN24 հեռուստաալիքը հրապարակել է «Տու-154» օդանավի օդաչուների խցում բանակցությունների վերծանումն ու աուդիոձայնագրությունը թռիչքի վերջին 38 րոպեներին՝ 2010-ին Սմոլենսկի մոտ վթարից առաջ, որի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Լեհ Կաչինսկին:

Նշում են, որ ձայնագրության մեջ առանձնացված են օդաչուների ու նրանց ձայները, ովքեր մտել էին խուց: Այսպիսով, ձայնագրությունը իրենից ներկայացնում է երեք ձայնային երիզների համադրություն՝ օդաչուի ու երկրորդ օդաչուի խոսափողի և խցում տեղադրված խոսափողների ձայնագրությունները:

Ընդ որում հեռուստաալիք հավելել է, որ չի հրապարակել ձայնագրության վերջին 4 վայրկյանները՝ դրանց բովանդակության ու աղետի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի պատճառով, հայտնում է Gazeta–ն:

«Տու -154» օդանավը ջախջախվել էր Սմոլենսկի մոտ 2010-ի ապրիլի 10-ին: Օդանավում գտնվող  Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին իր կնոջ ու կառավարական պատվիրակության 86 անդամների հետ, որոնք թռչում էին Կատին՝ մասնակցելու հիշատակի միջոցառումներին, նաև անձնակազմի անդամները զոհվել էին: