2015-ին Հայաստանից ալյումինե փայլաթիթեղի արտահանումը կազմել է 82.8 մլն դոլար: ՊԵԿ հրապարակած՝ արտաքին առեւտրի ծավալների մասին տվյալների համաձայն՝ 2014-ի հետ համեմատ՝ արտահանումը 6.4 տոկոսով պակասել է: Մասնավորապես աճել է արտահանումը ԵՄ մի շարք երկրներ, սակայն շատ կրճատվել են ԱՄՆ արտահանման ծավալները:

Մասնավորապես աճել է արտահանումը Գերմանիա: Եթ 2014-ին այն կազմում էր մոտ 6.8 մլն դոլար, ապա 2015-ին՝ 18.4 մլն դոլար: Լեհաստան է արտահանվել 13.1 մլն դոլարի փայլաթիթեղ, իսկ 2014-ին այդ թիվը 1.9 մլն դոլար էր: Իտալիա արտահանման ծավալները 207 հազար դոլարից աճել են 3.9 մլն դոլար, Ֆրանսիա արտահանումը 269 հազար դոլարից աճել է մինչեւ 2.8 մլն դոլար: 2015-ին Նիդեռլանդներ է արտահանվել 5.1 մլն դոլարի փայլաթիթեղ այն դեպքում, երբ 2014-ին արտահանման ծավալները զրոյական էին: Միաժամանակ պակասել է ԱՄՆ արտահանումը՝ 76.4 մլն դոլարից դառնալով 35.9 մլն դոլար:

Նշենք, որ տարիներ շարունակ Հայաստանից ԱՄՆ արտահանման 75-90 տոկոսը (գումարով արտահայտած) բաժին էր ընկնում փայլաթիթեղին:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերին հայկական փայլաթիթեղն ամբողջովին վերականգնեց իր շուկան Եվրոպայում, եւ արտահանումը մի քանի անգամ աճեց: