Լիտվայի միակ ցանկությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը արագ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ. անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։

Անդրադառնալով Բաքվի կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտման բազմաթիվ դեպքերին, որոնց ժամանակ Ադրբեջանի զինուժը կրակ էր բացել խաղաղ բնակչության դեմ եւ դաժանորեն սպանել Թալիշ գյուղի տարեց բնակիչներին, դեսպանն ասաց. «Լիտվայի դիրքորոշումն արտահայտված է այդ դեպքերից անմիջապես հետո երկրի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հայտարարության մեջ։ Նա մտահոգություն եւ ցավակցություն հայտնեց կատարվածի կապակցությամբ։ Մենք ուշադիր հետեւում ենք բոլոր իրադարձություններին եւ տեղյակ ենք պահում այդ մասին մեր պետություններին»։

Դիտարկմանը, որ ժամանակն է ագրեսորի գործողությունները կանխելու համար  կոնկրետ, հասցեական հայտարարություններ անել, Պետրիկասը պատասխանեց. «Դա արվում է։ Լիտվան ԵՄ 28 անդամ երկրներից մեկն է։ ԵՄ եւ ՆԱՏՕ-ի մակարդակով դա արվում է։ Դուք հավանաբար նկատել եք, որ վերջին օրերին դա տեղի է ունենում բոլոր մակարդակներով, ցանկացած միջազգային կոնֆերանսի, ցանկացած համաժողովի ժամանակ։ Մենք մտահոգված ենք եւ կարծում ենք, որ միայն ԵԱՀԿ ՄԽ միջոցով եւ խաղաղ բանակցություններով հնարավոր կլինի լուծել հարցը»։