ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի դատարանը չեղարկել է Ջեք Մաքքոլոհուի ցմահ ազատազրկման դատավճիռը: 76-ամյա տղամարդուն դատապարտել էին անցած դարի կեսերին յոթամյա աղջկան առեւանգելու ու սպանելու գործով:

Դատավոր Ուիլյամ Բրեդին իր որոշման մեջ հիշեցրել է, որ յոթամյա աղջկա առեւանգումն ու սպանությունը տասնամյակներ շարունակ հանգիստ չէր տալիս Սիկամոր քաղաքի բնակչությանը եւ նաեւ իրեն:

1950-ականներին ԱՄՆ-ում երեխաների առեւանգումները շատ հազվադեպ էին: 1957-ի դեկտեմբերի 3-ին յոթամյա Մարիա Ռիդալֆը ընկերուհու՝ Քեթի Սայմենի հետ փողոցում խաղում էր, երբ նրանց մոտեցել է մի անծանոթ երիտասարդ, որը ներկայացել է որպես Ջոնի ու առաջարկել նրանց սահնակներով քշել: Քեթին տուն է վազել ձեռնոցը վերցնելու, իսկ երբ վերադարձել է, Մարիան ու անծանոթն արդեն անհետացել էին:

Մոտ հինգ ամիս անց՝ 1958-ի ապրիլի 26-ին երկու մարդ անտառում սունկ հավաքելիս պատահաբար գտել էին յոթամյա աղջկա կմախքը :

Դատաբժշկական փորձագետները սկզբում չէին կարողացել որոշել մահվան պատճառը մարմնի ուժեղ քայքայման պատճառով: Բայց 50 տարի անց աղջկա վզի ու կրծավանդակի ողերի վրա հետքեր էին հայտնաբերվել, որոնք ըստ երեւույթին դանակի հարվածներից էին:

 Կասկածյալի անձը հաջողվել էր պարզել միայն մի քանի տասնյակ տարիներ հետո՝2011-ին: Պարզվել է, որ նա ծագումով Հյուսիսային Իռլանդիայից է՝ Ջեք Մաքքոլոհ անունով: 2012-ին ամերիկյան դատարանը նրան մեղավոր ճանաչեց սպանության մեջ: Մաքքոլոհին ցմահ ազատազրկման էր դատապարտվել 20 տարի հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունքով:

Ջեք Մաքքոլոհի արդարացման գործում վճռորոշ դեր է կատարել օկրուգի դատախազ Ռիչարս Շմակը: Նա կարողացել է արխիվներում գտնել հեռախոսազրույցների հին ձայնագրություններ: Պարզվել է, որ 1957-ի դեկտեմբերի 3-ին ժամը 18:57 –ին Ջեքը զանգահարել էր իր ծնողներին Ռոկֆորդի հեռախոսախցից, որը աղջկա առեւանգման վայրից 64 կմ հեռավորության վրա էր գտնվում: Ընդ որում աղջիկն անհետացել էր ժամը 18:45-ից 1855-ի հատվածում: Նման մեծ հեռավորություն Մաքքոլոհը չէր կարող հաղթահարել ընդամենը 12 րոպեում:

Դատախազը նշել է նաեւ, որ սպանված աղջկա ընկերուհին հիսուն տարի անց նայելով վեց լուսանկար՝ որպես Ջոնի անունով անծանոթ մատնանշել էր հենց Ջեքին, քանի ո ր նա խիստ տարբերվում էր մյուս լուսանկարների տղամարդկանցից՝ մյուս հինգ լուսանկարներում պատկերված էին մոդելներ, որոնց լուսանկարել էին ամսագրերի համար: Ի դեպ դա առաջին դեպքը չէր, երբ աղջիկը սխալվել էր լուսանկարներում հանցագործին ճանաչելու հարցում:

Ջեք Մաքքոլոհը, որի իսկական անունը Ջոն Թեսյեր է ծնվել է Բելֆաստում: 1946-ին մոր հետ տեղափոխվել էր ԱՄՆ: 13 տարի ծառայել էր բանակում ու մասնակցել Վյետնամի պատերազմին: Հետո ոստիկանական ակադեմիա է ավարտել ու սկսել աշխատել իրավապահ մարմիններում:

1982-ին Թեսսյերը գայթակղել էր մի 15-ամյա աղջկա՝ Միշել Վայնմենին: Ջեքին մեղադրել էին բռնաբարության ու մանկապղծության մեջ ու մեկ տարով պայմանական ազատազրկել:

 Ջեքին փորձել են մեղադրել նաեւ 1962-ին նրա խորթ քրոջ՝ Ջին Թեսյերի խմբակային բռնաբարության մեջ, որն այդ պահին 14 տարեկան էր: Բայց այդ հանցագործությունը հաստատող ոչ մի ապացույց չէր հաջողվել հայտնաբերել:

Այս պահին Մաքքոլոհին արգելված է դուրս գալ Իլինոյսից, մինչև նահանգի գլխավոր դատախազը որոշում կկայացնի կրկնակի դատավարության նպատակահարմարության մասին:  Սակայն դատախազությունում վստահ են, որ Մաքքոլոհին անպայման կարդարացնեն, հայտնում է Newsru-ն: