Բրիտանացի հնագետներն Անգլիայի հարավում Ուիլտշիրի կոմսությունում հռոմեական առանձնատուն են հայտնաբերել, որը կառուցվել է մոտավորապես մեր թվարկության   II-III դարերում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  Sky News հեռուստաալիքին:

Հնագույն առաջին արտեֆակտները հայտնաբերվել են Ուորմինստեր քաղաքի մասնավոր տներից մեկի այգում` հաղորդալարերի անցկացման ընթացքում, երբ գրունտի շերտի տակից հռոմեական բնորոշ խճանկար է հայտնվել: Հայտնաբերված շինությունների մեծ մասը կառուցվել է մեր թվարկության   175-220 թվականների ժամանակաշրջանում: 

«Դրանց չեն դիպել այն պահից, երբ դրանք ավերվել են  1 400 տարի առաջ, եւ դա ծայրաստիճան կարեւոր է: Օբյեկտի մեծ ծավալը բացառիկ հնարավորություն է ընձեռում` ուսումնասիրելու Բրիտանիայում հռոմեական տիրապետության ժամանակաշրջանը», - ասել է Historic England հասարակական կազմակերպությունից պատմաբան-հնագետ Դեւիդ Ռոբերտսը: Մասնագետների կարծիքով, տվյալ գտածոն վերջին   10 տարվա ամենանշանակալիցներից է:

Պեղումների առաջին արդյունքները ցույց են տվել, որ առանձնատունը եռահարկ է եղել եւ կարող էր պատկանել սոցիալական բարձր կարգավիճակով շատ հարուստ ընտանիքի: Չի կարելի բացառել, որ տարածքը, դրա վրա տեղակայված կառույցներով, օգտագործվել է անձամբ հռոմեական կայսեր կողմից: 

Հնագետները հրապարակել են ոստրեի խեցիները, որոնք լավ պահպանվել են հռոմեական ջրհորում, եւ քարե դամբարանը` երեխայի մնացորդներով: Բրիտանացի հետազոտողները կշարունակեն ուսումնասիրել առանձնատները, որի հայտնաբերումը գիտական մեծ հաջողություն են կոչել: