Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժինեկսը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ աշխատել ԿԽՄԿ-ի հետ։
Նրա դիտարկումն արվել էր ի պատասխան հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի կողմից բարձրացրած՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ գործողությունների ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման մասին հարցի։
Հանձնակատարն իր խորին մտահոգությունն է հայտնել մարդկանց մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ապրիլի 12-ին դպրոցի բակում սպանվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը։
Եվս երկու երեխա վիրավորվել էին դպրոցի վրա Ադրբեջանի արձակած կրակից։
Եվս երեք խաղաղ բնակիչ Թալիշում դաժանորեն սպանվել էին ադրբեջանցի զինվորների կողմից։ Իսկ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտնել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։





























