Ուիլյամ Շեքսպիրն ավելի ճանաչված է արտերկրում, քան իր հայրենիքում: Այս մասին են վկայում աշխարհի 15 երկրներում 18 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները: Անգլիացի հանճարի մահվան 400-ամյակի նախաշեմին հարցումը Բրիտանական խորհրդի պատվերով անցկացրել է YouGov սոցիոլոգիական ծառայությունը:

Ըստ ՏԱՍՍ-ի, արտասահմանցի հարցվածների 65%-ը հայտարարել է, որ սիրում եւ հասկանում է Շեքսպիրի ստեղծագործությունները, ինչպես նաեւ դրանք արդիական է համարում նաեւ այսօր, մինչդեռ Մեծ Բրիտանիայում նման կարծիք է հայտնել հարցվածների 59%-ը: Անգլախոս այլ երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում, այդ ցուցանիշն ավելի ցածր է, փոխարենը Շեքսպիրի ժողովրդականությունը մեծ է, օրինակ, Չինաստանում, Թուրքիայում եւ Մեքսիկայում:

«Շեքսպիրի ստեղծագործությունները, նրա մահից 400 տարի անց էլ, շարունակում են զգալի դեր խաղալ մարդկանց կրթության եւ ամբողջ ախարհում տեսարժան միջոցառումների կազմակերպման հարցում»,- նշել է ԵՄ երկրներում Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Ռոզմարի Հիլհորսթը:

Շեքսպիրի մահվան հստակ ամսաթիվը հայտնի չէ: Համարվում է, որ Լոնդոնում երկար տարիներ ապրելուց հետո վերադառնալով հայրենի Սթրաթֆորդ՝ նա մահացել է ծննդյան 52-րդ տարեդարձի օրը՝ 1616 թվականի ապրիլի 23-ին: Սակայն սա միայն ենթադրություն է՝ հիմնված այն հանգամանքի վրա, որ փաստաթղթերում որպես գրող հուղարկավորության օր նշված է ապրիլի 25-ը, իսկ այդ ժամանակաշրջանում Անգլիայում հանգուցյալին հողին էին հանձնում մահից երկու օր անց: