Ջան Դյունարը «Cumhuriyet» թերթի խմբագիրն է: Ջան Դյունարը Թուրքիայում մեդիայի իսկական «աստղ» է: Նա մոտ 20 գիրք է գրել, բազմաթիվ հեռուստահաղորդումներ է վարել, իսկ վերջերս դարձել է Թուրքիայի ամենահին թերթերից մեկի` «Ջումհուրիեթի» գլխավոր խմբագիրը: Դյունարը մեծ ժողովրդականություն է վայելում, բայց բոլորովին էլ գերարմատական հայացքներ չի դավանում, գրում է Inosmi-ն:
Դյունարը դատապարտվել է այն բանի համար, որ գրել է, թե Թուրքիան մասնակցել է սիրիական սահմանով զենքի մաքսանենգ անցկացմանը: Նա նաեւ հրապարակել է զենք տեղափոխող բեռնատարների լուսանկարը:
Նոյեմբերի 26-ին Դյունարը ձերբակալվել է իր գործընկեր Էրդեմ Գյուլեմի (Erdem Gül) հետ: Դատական նիստի գնալիս` նա ասել է. «Մեզ մեղադրում են լրտես լինելու համար, նախագահն ասում է, թե մենք դավաճանել ենք երկրին: Մենք լրտեսներ չենք, մենք դավաճաններ չենք, մենք հերոսներ չենք, մենք լրագրողներ ենք»:
Երեք ամսից Գերագույն դատարանի որոշման հիման վրա նրան բաց թողեցին: Բայց այժմ դատական նիստերը շարունակվում են: Պետությունը փորձում է նրան իր վերահսկողությանը ենթարկել: Նա Թուրքիայի նախագահի կողմից հետապնդման է ենթարկվում:
Ջան Դյունարը պատմում է, որ Թուրքիայի նախագահը տարված է թշնամու կերպարներով: Երկար տարիների ընթացքում նա Թուրքիայում տարբեր խմբերի է հետապնդում, նախ` հանրապետականներին, հետո` զինվորականներին, հետո` անցյալում իր կարեւորագույն զինակիցներից մեկին` Ֆեթուլա Գյուլենին (Fetulah Gülen) եւ նրա շարժմանը, որը Թուրքիայում մեծ ազդեցություն ունի:
Մոտ 1000 փաստաբան տեղափոխվել է աշխատանքի այլ վայրեր կամ էլ ազատվել է աշխատանքից, ինչ վերաբերում է համալսարանների աշխատակիցներին, մի քանի ամիս առաջ նախագահի արժանապատվությունը վիրավորելու համար եւս հինգ գրող է բանտարկվել:
Ջան Դյունար, իսկ ինչո՞ւ նախագահը ձեռք չի տալիս «Cumhuriyet»-ին, չէ՞ որ այն գուցե ամենից ավելի ուժգին կերպով է քննադատում նրան:
Հավանաբար մտածում է, որ կկարողանա առանց դժվարության փակել թերթը, եթե նախ ինձ կալանքի առնի եւ բանտ նստեցնի: Այսինքն` նախ ինձ կուլ տալով, կկարողանա հետո կուլ տալ նաեւ թերթը: Այժմ, բարեբախտաբար, ամեն ինչ այնպես չեղավ, ինչպես ուզում էր նախագահը, որովհետեւ Գերագույն դատարանը կալանքն անօրինական ճանաչեց: Բայց տեսնենք, թե ինչ կլինի, չէ որ նա չի դադարեցրել իմ դեմ գործը: Եվ ես էլի պիտի ստիպված լինեմ դատարան գնալ` հարցաքննության:
Ինձ ապշեցնում է հումորի ձեր զգացումը. երբ ձեզ բանտից բաց էին թողնում, դուք սրամիտ ռեպլիկներ էիք անում: Թվում էր, թե դուք հումորով եք վերաբերվել դրան:
Այո, բայց իրականում այդ ամենն իսկական զառանցանք էր: Մենք մեր լրագրողական գործն ենք անում, եւ հանկարծ պարզվում է, որ երկրի նախագահը մեզ անձամբ հետապնդում է, որ մեզ դատապարտում են ոչ միայն նրա համար, որ գրում ենք այնպիսի բանի մասին, որի մասին նրանց կարծիքով չպիտի գրենք, այլեւ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության, դավաճանության եւ նախագահի արժանապատվությունը վիրավորելու: Ուղղակի ստիպված ես հումորով վերաբերվել նման բանին:
Իսկ ձեզ նորից բանտ կնստեցնե՞ն:
Ոչ, կարծում եմ, նա հասկացել է, որ ամբողջ աշխարհը հետեւում է այդ գործին: Հատկապես այն բանից հետո, երբ նա հանդիպեց Օբամայի հետ: Այն բանից հետո, երբ Օբաման քննադատեց երկրում ազատ խոսքի վիճակը, նա չի համարձակվի ինձ նորից բանտ նստեցնել:
Բայց չէ՞ որ Թուրքիան, միգրացիոն ճգնաժամի պատճառով մատների վրա է խաղացնում Եվրամիությանը:
Այո, ցավալի էր տեսնել, թե ինչպես Մերկելի հետ հանդիպմանը Էրդողանը հայտնեց, որ այժմ բանտում ոչ մի լրագրող չկա, որ նրանք միայն ահաբեկիչներ եւ լրտեսներ են, իսկ Մերկելը չմեկնաբանեց դա: Մերկելը գիտե, որ տասնյակ լրագրողների բանտ են նետել, նա իմ գործին էլ է ծանոթ, եւ, այնուամենայնիվ, ԵՄ-ը նախընտրում է չմեկնաբանել դա: Նրանք վախենում են իրենց քաղաքական դիրքին սպառնացող վտանգից, այդ պատճառով չեն քննադատում Թուրքիային: Տխուր է տեսնել, թե նրանք ինչպես են հրաժարվում իրենց սկզբունքներից: Բայց խնդիրն այն է, որ եթե ԵՄ-ը չարձագանքի Թուրքիայում գրողների, մտավորականների եւ քրդերի ճնշմանը, Եվրամիությանը թուրք փախստականների հոսք է սպասում: Թող Եվրոպան պատրաստ լինի դրան:
Բայց ուզում եմ հավելել: Եվրոպան միայն ԵՄ-ն ու «Թղթակիցներ առանց սահմանի»-ն եւ Միջազգային ՓԵՆ ակումբը չեն, որոնք շատ բան են արել մեզ աջակցելու համար: Փառք Աստծո, Եվրոպան միայն մի կազմակերպություն չէ, հենց դրա շնորհիվ եմ այսօր ես խոսում ձեզ հետ:
Թուրքիան գրողներին եւ լրագրողներին բանտարկելու առումով բավականին տխուր պատմություն ունի, իսկ վերջին տասնամյակներին դա բազմիցս է եղել: Այժմ ավելի վա՞տ է, քան նախկինում:
Իհարկե, այդ երկիրը երբեք դրախտ չի եղել լրագրողների համար, բայց այժմ մենք դժոխքին ավելի մոտ ենք, քան երբեւէ: Նախկինում կարող էին մի քանի տարով մեր թերթը փակել կամ գրաքննության ենթարկել, հետո դա անցնում էր, բայց այժմ պետությունը մշտապես հետապնդում է մեզ ավելի քան տասը տարի շարունակ եւ դրա վերջը դեռ չի երեւում: Միաժամանակ Էրդողանն ավելի հնարամիտ է դարձել. ԶԼՄ-ներ է փակում, գնում է դրանք, ստանձնում է դրանց ղեկավարությունը եւ վերահսկում է դրանք: Մի քանի տասնյակ լրագրող դրա պատճառով զրկվել է աշխատանքից: Էրդողանը մեդիամագնատ է դարձել:
Ասում եք, թե բոլորովին էլ հերոս չեք, բայց այժմ դուք Էրդողանի գլխավոր թշնամին եք, դուք կրակի գծում եք, եթե հնարավոր է այդպես արտահայտվել, ճիշտ չէ՞:
Հենց այսօր կյանքումս առաջին անգամ ես համաձայնեցի անձնական թիկնապահ վերցնել: Շատերն էին ուզում, որ ես վաղուց անեի դա, իսկ ես հրաժարվում էի: Բայց հենց ձեզ մոտ գալուց առաջ մի ոստիկան դուռս ծեծեց եւ ասաց, որ այս պահից նա իմ անձնական թիկնապահն է: Սա եւս պայքար է պետության դեմ, որովհետեւ եթե ես չհամաձայնեմ եւ ինձ գնդակահարեն, կասեն. «Մենք նրան թիկնապահ էինք առաջարկում, իսկ նա հրաժարվեց, այնպես որ, ինքն է մեղավոր»: Այժմ, երբ ես համաձայնել եմ, թող դա պետության խնդիրը լինի, եթե ինձ իրոք գնդակահարեն: Լրագրողի համար սա լիակատար անհեթեթություն է եւ զառանցանք. մտածել, որ մարդը պիտի թիկնապահ ունենա: Դրան դժվար է հավատալ: Ես պիտի տեսախցիկի հետեւում լինեմ, ոչ թե դրա դիմաց, չնայած այժմ հաճախ հենց այդպես է լինում: Ուրեմն ինչ-որ բան սխալ է:
Ինձ հիացնում է ծիծաղելու ձեր կարողությունը, ձեր հումորը, նաեւ` ձեր սրամտությունն ու հեգնանքը, որով նկարագրում եք իրավիճակը, որում հայտնվել եք եւ դուք, եւ լրագրությունը այն ամբողջատիրական համակարգում, որը, մեր դիտարկումներով, գնալով ուժեղանում է:
Բայց ես չեմ տեսնում, թե իրականում ինչից է վախենում Էրդողանը: Նա վախենում է մամուլից եւ հատկապես վախենում է միջազգային դատարանի դատավճռից այն բանի համար, ինչ արել է: Ես զգում եմ իմ երկրի ժողովրդի աջակցությունը, ինչպես նաեւ այլ երկրների: Ես անում եմ այն, ինչ նորմալ է. գրում եմ այն մասին, ինչ մարդիկ պիտի իմանան, որովհետեւ բոլորովին էլ հերոս չեմ:
Եվ վերջին հարցը. Դուք հավատո՞ւմ եք, որ ժամանակները կարող են փոխվել:
Շատերին է վշտացնում այն, ինչ այժմ տեղի է ունենում, շատերը ընթացքը փոխելու հնարավորության են սպասում: Արդարության եւ զարգացման կուսակցությունում (նախագահ Էրդողանի կուսակցությունը) եւս կան ուժեր, որոնք կուզեին փոխել Էրդողանին եւ քաղաքականության մեջ այլ գիծ իրականացնել: Նույնիսկ վարչապետ Դավութօղլուն է քննադատել մեր բանտարկությունը: Կարծում եմ, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունից (խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը) անհրաժեշտ է քշել առավել մոլեռանդ հանրապետականներին, եւ այդ դեպքում այդ կուսակցությունը կկարողանա բնակչության բոլոր խմբերը միավորող կուսակցություն դառնալ: Այնպես որ, կարծում եմ` մեկ-երկու տարուց այլ իրավիճակ կտեսնենք:





























