ԱՄՆ-ի արևմտյան շրջանները պատած վտանգավոր շոգը կիրակի կսկսի թուլանալ, սակայն առաջիկա օրերին ծայրահեղ բարձր ջերմաստիճանները կտարածվեն երկրի Միջին Արևմուտքում և արևելյան նահանգներում, հայտնում է ABC News-ը։
Նախօրեին ծայրահեղ շոգի մասին նախազգուշացումները գործում էին Հարավային Կալիֆոռնիայի և Արիզոնայի շրջաններում, այդ թվում՝ Ֆինիքսում, Թուսոնում և Փալմ Սփրինգսում։ Բնակիչներին կոչ էին անում խուսափել դրսում երկար գտնվելուց և խնայել էլեկտրաէներգիան։ Ուժեղ շոգի մասին նախազգուշացումները տարածվել էին նաև Հարավային Կալիֆոռնիայի առափնյա հատվածներում, այդ թվում՝ Սանտա Բարբարայի, Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի շրջաններում։
Կիրակի շոգը կտեղափոխվի Միջին Արևմուտքի զգալի հատված։ Ուիչիտայի (Կանզաս), Կանզաս Սիթիի (Միսուրի) և Դե Մոյնի (Այովա) շրջանում խոնավության հաշվառմամբ ջերմաստիճանը կզգացվի մոտ 38 °C։
Մինչև երեքշաբթի ուժեղ շոգը կհասնի երկրի արևելյան շրջաններին։ Չիկագոյում զգացվող ջերմաստիճանը կհասնի 36 °C-ի, իսկ Շառլոտում և Ռալիում (Հյուսիսային Կարոլինա), Ռիչմոնդում (Վիրջինիա) և Վաշինգտոնում այն կարող է գերազանցել 38 °C-ը։
Միևնույն ժամանակ, ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի մեծ մասը կխուսափի այս ծայրահեղ շոգի ալիքից։ Հաջորդ շաբաթ այնտեղ նույնպես ավելի տաք և խոնավ կլինի, սակայն վտանգավոր ջերմաստիճաններից կհաջողվի խուսափել։



























