Նավթ արդյունահանողները կարող են մայիսին հանդիպել Ռուսաստանում՝ նավթի արդյունահանման սառեցման շուրջ հետագա քննարկումների նպատակով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Իրաքի էներգետիկայի փոխնախարար Ֆայադ ալ-Նիման:
Նախարարի խոսքով, Իրաքը նավթի գների դանդաղ աճ է ակնկալում՝ չնայած Դոհայի բանակցությունների արդյունքներին:
Ըստ Ինտերֆաքսի, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ապրիլի 20-ին կասկած է հայտնել, որ ՕՊԵԿ-ի երկրները կկարողանան միմյանց միջեւ համաձայնության գալ արդյունահանման ծավալների սառեցման հարցում: Նա, միաժամանակ, նշել է, որ մի քանի ամիս անց այդ խնդիրը կարող է արդիական չլինել:
Ապրիլի 17-ին Դոհայում կայացած հանդիպմանը նավթ արդյունահանող երկրները չկարողացան արդյունահանման ծավալների սառեցման շուրջ համաձայնության հասնել, քանի որ ՕՊԵԿ-ի անդամ մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, վերջին պահին փոխեցին դիրքորոշումը:




























