Ղազախստանի խորհրդարանի սենատի պատգամավոր, Գերագույն դատարանի նախկին ղեկավար Բեկտաս Բեկնազարովը հայտնել է, որ երկրի Քրեական օրենսգրքում պիտի առանձին հոդված լինի հարբած վարորդներին պատժելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Սենատի լիագումար նիստին վարչապետի եւ գլխավոր դատախազի անունով պատգամավորական հարցում հնչեցնելով` պատգամավորն ընդգծել է, որ նախկինում անսթափ վարելու համար վարորդական իրավունքից զրկված անձանց նկատմամբ անհրաժեշտ է ավելի խիստ պատիժ կիրառել:
«Անհրաժեշտ է նման անձանց հանդեպ, հիմնական պատժից բացի, մտածել գուցե հանրային պարսավանքի մասին: Այնտեղ, որտեղ նման պատիժ է կիրառվում, երեւում է դրա կիրառության արդյունավետությունը», — հայտնել է Բեկնազարովը:
«Արժե էականորեն փոփոխել ՔՕ-ի 14-րդ գլխի նորմերը, որոնք պատասխանատվություն են նախատեսում տրանսպորտային քրեական օրինախախտման համար, առանձին հոդվածով նշել անսթափ վարորդների գործողությունները, որոնց մեղքով այս կամ այն ՃՏՊ-ն է տեղի ունեցել, այդ հոդվածի համաձայն ավելի խիստ պատասխանատվություն նախատեսել, հատկապես այն դեպքերի համար, որոնք մարդու մահվան են հանգեցրել », — կարծում է սենատորը:
Նրա տվյալների համաձայն, 2014–2015-ին երկրի ճանապարհներին ՃՏՊ-ներից ավելի քան 55 հազար մարդ է տուժել, ավելի քան 5 հազար մարդ մահացել է: Միաժամանակ, նշել է պատգամավորը, առանձնահատուկ տագնապ է հարուցում հարբած վիճակում կալանված վարորդների թվի նշանակալի աճը:





























