Կանադայի ազատական կառավարությունը կարող է  2017-ի աշնանը օրինականացնել մարիխուանան: Այդ մասին հայտնել է Կանադայի առողջապահության նախարար Ջեյն Ֆիլպոտը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թմրանյութի համաշխարհային խնդրի վերաբերյալ հատուկ նստաշրջանի ընթացքում իր ելույթում, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

« 2017-ի գարնանը մենք օրենք կընդունենք, որը երաշխավորում է, որ մարիխուանան երեխաների ձեռքը չի ընկնի եւ շահույթ չի բերի հանցագործներին», - նախարարին է մեկնաբանում CBC հեռուստաալիքը: Նրա խոսքով, նման որոշումը  «մարտահրավեր է նետում շատ երկրներում առկա իրերի դրությանը», բայց սա լավագույն միջոցն է պաշտպանելու երիտասարդությանը եւ միաժամանակ բարձրացնելու հանրային անվտանգության մակարդակը: Ֆիլպոտն այլ մանրամասներ չի ներկայացրել:  

Անցյալ դեկտեմբերին Կանադայի գլխավոր նահանգապետ Դեւիդ Ջոնսթոնը հայտնել էր, որ երկրի իշխանությունները չեն հրաժարվում մարիխուանայի օրինականացման պլաններից: Նախընտրական արշավի ընթացքում Կանադայի ներկայիս վարչապետ Ջասթին Տրյուդոն, որն Ազատական կուսակցությունն է ներկայացնում, խոստացել է քննարկել Կանադայում այդ թեթեւ թմրանյութի օրինականացման հարցը, հենվելով ամերիկյան մի շարք նահանգների փորձի վրա: 

Կանադայում մարիխուանայի ազատականացման աստիճանական գործընթացն արդեն սկսվել է: 2015-ի հունիսի 11-ին երկրի Գերագույն դատարանն օրինականացրել է բժշկական նպատակով մարիխուանայի տերեւների ցանկացած օգտագործում:  Որոշումը կայացվել է բոլոր դատավորների կողմից` միաձայն: Մինչ այդ, հիվանդներին թույլ էր տրվում բժշկի դեղատոմսով մարիխուանա օգտագործել միայն չորացված վիճակում, որը հարմար է ծխելու համար: Ցանկացած այլ կիրառություն անօրինական էր համարվում եւ քրեական պատասխանատվության էր հանգեցնում: 

Անցյալ տարվա հունիսի 24-ին կանադական Վանկուվերի քաղաքային խորհուրդը   (Բրիտանական Կոլումբիայի նահանգը) թույլ տվեց խանութներին արտոնագրեր տրամադրել բժշկական նպատակներով մարիխուանայի առեւտրի համար: Այսպիսով, Վանկուվերը Կանադայում առաջին քաղաքն է դարձել, որտեղ օրինականացրել են այս թեթեւ թմրանյութի վաճառքը առեւտրական հատուկ կետերում: 

Ընթացիկ տարվա փետրվարին Կանադայի Դաշնային դատարանը չեղյալ է համարել տնային պայմաններում մարիխուանայի աճեցման կառավարական արգելքը այն մարդկանց համար, որոնց մարիխուանա է նշանակվել բժշկական նպատակով: