Եվրոպան ջանում է իրեն անջատել սիրիական ճգնաժամից եւ աչք փակել դրա վրա: Այդ մասին հայտնել է Protection International կազմակերպության նախագահ Էնրիկե Էգուրենը Երեւանում տեղի ունեցող «Aurora Dialogues» քննարկումների ընթացքում: (ֆոտոռեպորտաժ)

Նրա խոսքով, ճգնաժամն ազդում է Եվրոպայի վրա, կարելի է ասել, որ այն միայն Մերձավոր Արեւելքում չի ծավալվում, այլ հենց Եվրոպայում: Փախստականների վերաբերյալ օրենսդրություն գոյություն ունի, բայց այժմ արդեն հասկանալի է, որ փախստականներին անհրաժեշտ է պաշտպանել, համարում է Էնրիկե Էգուրենը: 

«Միգրացիայի եվրոպական ճգնաժամը անպատասխանատու քաղաքականության հետեւանք է: Եվրոպան պատրաստ չէր ճգնաժամին:  Եվրոպան դողում է ճգնաժամի ճնշման տակ: Ամեն երկիր իր քաղաքականությունն է իրականացնում փախստականների հարցում:  Սակայն խնդիրը համալիր է եւ լուծումը պիտի այդպիսին լինի: Անհրաժեշտ է սեփական դիրքորոշման մասին մտածել, եւ այն մշակելու համար անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն քաղաքականության տեսանկյունից, այլեւ շարքային քաղաքացու, վերջ դնել Եվրոպային որպես անառիկ ամրոց նայելուն: Այլեւս փախչելու տեղ չկա», - նշել է Էնրիկե Էգուրենը: