Ադրբեջանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին կրկին սկսել է հոխորտալ, թե Ղարաբաղի հարցը լուծելու է ռազմական ճանապարհով:

Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ ապրիլի 23-ին հայտարարել է. «Ադրբեջանի Զինված ուժերի առջեւ խնդիր է դրված՝ պատրաստ լինել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն: Մեզանից դա են սպասում կառավարությունը, դա է պահանջում ժողովուրդը: Դրա համար մենք բոլոր հնարավորություններն ունենք՝ տնտեսական, ֆինանսական, ռազմական, ժողովրդագրական: Ամբողջ անձնակազմը՝ զինվորից մինչեւ գեներալ, պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար մարտերին»:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ադրբեջանն աննախադեպ ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որի ընթացքում հարձակման ենթարկվեցին նաեւ խաղաղ բնակիչներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, համաշխարհային առաջնորդները եւ միջազգային կառույցները հանդես եկան կրակի անհապաղ դադարեցման օգտին եւ հայտարարեցին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: