Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ նա մշտապես սպասված հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի գործունեությունը՝ ուղղված Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին, ինչպես նաեւ նրա առանձնակի վերաբերմունքը ԼՂ հիմնահարցի նկատմամբ, որը, ՀՀ նախագահի խոսքով, լավագույնս դրսեւորվեց Եվրոպական խորհրդարանում, ինչպես նաեւ այսօր Երեւանում տեղի ունեցած գլոբալ համաժողովի ժամանակ հնչեցրած նրա ելույթներում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել այն ստույգ տեղեկությունների եւ ճիշտ մոտեցումների համար, որոնք տեղ են գտել պատգամավոր Ֆրանկ Էնգելի ելույթներում: «Շատ կարեւոր է, որ Եվրոպական խորհրդարանում եւ ընդհանրապես, եվրոպական հասարակության մեջ տեղյակ լինեն իրական դեպքերին, դրանց պատճառներին ու դրդապատճառներին»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ գնահատելի համարել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի նախաձեռնությունը՝ այս օրերին այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Պատգամավոր Ֆրանկ Էնգելը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ընդունելության եւ իր հրապարակային գործունեությանը տրված բարձր գնահատականի ու ջերմ խոսքերի համար:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հնարավորության եւ դրա համար այսօր անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ: Ֆրանկ Էնգելը կարեւորել է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը եւ պատրաստակամություն հայտնել, որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին շնորհավորել եւ հանձնել է ՀՀ պետական բարձր պարգեւը՝ Մխիթար Գոշի մեդալը, որով նա ս.թ. տարեսկզբին պարգեւատրվել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: