Իմ կոչն է Թուրքիային՝ դադարե՛ք ստել եւ օգնել Սիրիայում ցեղասպանության իրականացմանը: Այս մասին ապրիլիա 23-ին Երեւանում անցկացված «Ցեղասպանություն հանցագործության դեմ» II գլոբալ ֆորումում ունեցած ելույթում հայտարարեց Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենը:
Նրա խոսքով, Արեւմուտքը երկակի ստանդարտներ կիրառեց Հայոց ցեղասպանության հարցում, սակայն քաղաքական գործիչները գիտեին, թե ինչ է տեղի ունենում:
«Ես Բինգյոլից քրդի եւ դանիացու որդի եմ: Ես երեխա էի եւ ավերված եկեղեցիներ տեսա: Հետո ինձ ասացին Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման մասին, որ ցեղասպանություն չի եղել, որ հայերն են թուրքերին կոտորել: Խորհրդարանի իմ քաղաքական գործընկերները, որոնք դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասում են, որ այդ հարցով պետք է պատմաբանները զբաղվեն, բայց բոլոր պատմաբանները պնդում են, որ խոսքը ցեղասպանության մասին է»,- ընդգծեց Լարս Ասլան Ռասմուսենը:





























