Ցանկացած պետություն, որը նպաստում է ցեղասպանության իրականացմանը, պետք է բացառվի բոլոր բանակցություններից եւ թշնամի կոչվի՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ուժեղ է այդ պետությունը: Այս մասին Երեւանում անցկացված «Ցեղասպանություն հանցագործության դեմ» II գլոբալ ֆորումում ունեցած ելույթում հայտարարեց Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Անտոնիս Բալոմենակիսը:
Ըստ նրա, հասկանալի է, որ Օսմանյան կայսրության սեւծովյան տարածաշրջանում իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչումն արդարության հարց է:
«Շատ ժամանակ է անցել, ամեն դեպքում, հարկավոր է ճանաչել ցեղասպանությունը, եւ վաղեմության ժամկետ չկա: Կարծում ենք՝ միջազգային կանխարգելիչ ինստիտուտների գործողությունները շատ կարեւոր են: Մարդկային եւ նյութական կորուստների համար պետք է պատժել: Եվ պատժի վախը կարող է ապագայում ցանկացած երկրի ստիպել՝ երկու անգամ մտածել՝ մարդկության դեմ հանցագործություն իրականացնելուց առաջ»,- ընդգծեց Անտոնիս Բալոմենակիսը:





























