Ցեղասպանություն իրականացնելու գաղափարը դեռեւս կենդանի է, եւ մենք պետք է արմատախիլ անենք այն: Երեւանում անցկացված «Ցեղասպանություն հանցագործության դեմ» II գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ծնունդով Բաքվից իրավաբան, գրող եւ իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան-Թերկոտը:
Նրա խոսքով, սա խնդիր է, որին բախվելու են նաեւ մեր ժառանգները: Ըստ իրավաբանի, Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել նաեւ Բաքվում, որտեղ տասնյակ հազարավոր հայեր ոչնչացվեցին: «Ազատագրական շարժմանն ի պատասխան՝ Ադրբեջանի հայերը սարսափելի վայրագությունների ենթարկվեցին: Մենք ցեղասպանություն, էթնիկ զտումներ ենք վերապրել եւ սեփականության կորուստ ունեցել երեք անգամ: Երբ պապս մահացավ, նրա եւ տատիս գերեզմանները պղծվեցին»,- նշեց բանախոսը:
Ըստ նրա, հայ ժողովուրդը ցանկանում է, որպեսզի վերականգնվի արդարությունը: «Եկեք այս դարը ցեղասպանության կանխարգելման դար դարձնենք»,- ամփոփեց Աստվածատուրյան-Թերկոտը:





























