Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարդ իրավիճակում է հայտնվել: Պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կնշանակի փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը հազիվ է համաձայնել ընդունել միգրանտներին: Իսկ Բունդեսթագում քվեարկությունը կրկին հետաձգելու դեպքում կարելի է Թուրքիայի առջեւ ստորաքարշության մեղադրանքներ հրահրել: Այս մասին գրել է Deutsche Welle-ն:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
«Գերմանիան մինչեւ հիմա չգիտի, արդյո՞ք ճիշտ է պաշտոնապես ցեղասպանություն բառն օգտագործելը: Հունիսի սկզբին Բունդեսթագում նախանշված բանավեճերը կարող են բարդացնել Թուրքիայի հետ հարաբերությունները:
Եթե իրականացվի իշխող Քրիստոնեա-Դեմոկրատական միության եւ Բավարիայում նրա դաշնակից Քրիստոնեա-Սոցիալիստական կուսակցության ծրագիրը, Գերմանիան կարող է միանալ ավելի քան 20 երկրներին եւ բազմաթիվ պատմաբաններին, որոնք հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն են կոչում:
Իշխող կոալիցիան հարկադրված եղավ քննարկումներ կազմակերպել, երբ ընդդիմադիր «Կանաչները» փետրվարին ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ ներկայացրեցին:
Դրանից հետո իշխող կոալիցիան համաձայնեց համատեղ աշխատել բանաձեւի ուղղությամբ: Կանցլեր Անգելա Մերկելն օգտագործեց այդ ժամանակը. մարտին նախանշված էր գագաթաժողով, որի ընթացքում Թուրքիայի հետ փախստականների արտաքսման մասին համաձայնագիր պետք է կնքվեր:
Քննարկումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն հունիսի 2-ին, Բունդեսթագի ամառային արձակուրդից առաջ: Այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել «Կանաչների» եւ իշխող ՔԴՄ/ՔՍՄ-ի միջեւ:
Անցած տարի ապրիլի 24-ին Բունդեսթագը հետաձգեց նմանատիպ բանաձեւի շուրջ քվեարկությունը: Սակայն քննարկումները հստակ ցույց տվեցին, որ բոլոր խմբակցությունների պատգամավորները հայերի կոտորածները ցեղասպանություն են համարում:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, խոսելով Անատոլիայում հայերի կոտորածների մասին, оգտագործեցին «ցեղասպանություն» բառը: Բանաձեւի նախագիծն ընդունում է նաեւ տեղի ունեցածում Գերմանիայի դերը՝ որպես Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության դաշնակցի: Դրանում նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցման կոչ է արվում:
Իշխող կոալիցիան որոշեց բանաձեւի օգտին չքվեարկել ապրիլին, իսկ հետո՝ նաեւ հոկտեմբերին, որպեսզի չփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ այն ժամանակ, երբ տեղահանված անձանց հիմնական մասը Թուրքիայի տարածքով Գերմանիա եւ Եվրամիություն է ուղղվում:
Փաստը, որ Գերմանիան եւ ԵՄ-ն Թուրքիայի հետ արդեն համաձայնագիր են կնքել (համաձայնագիր, որից Անկարան մշտապես սպառնում է հրաժարվել), Մերկելի կառավարության վրա լրացուցիչ ճնշում է գործադրում:
Այդ պատճառով հասկանալի չէ, թե ինչպիսին կլինի հունիսյան քվեարկության արդյունքը: Մյուս կողմից, եթե որոշվի հրաժարվել քվեարկությունից, Մերկելին կարող են մեղադրել Թուրքիայի առջեւ ստորաքարշության մեջ»:





























